Ամիսներ առաջ Կիպրոսում անցկացված միջազգային մրցաշարում աքիլեսյան ջիլը վնասել էր մեր առաջատար բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը: Բուժումը պահանջում էր տևական ժամանակ: Վերականգնվելու նպատակով Լիլիթը օգտվում է ամերիկահայ մի մասնագետի կազմած բուժական ծրագրից, որն իրավամբ ծառայում է նպատակին: Այս մասին նա ասաց << Հրազդան >> մարզադահլիճում զրուցելիս: Շատ է ցանկանում դառնալ << Տոկիո – 2020 >> -ի մասնակից և իրեն բնորոշ գեղեցիկ ժպիտով հավելեց, որ իսկապես, չկա չարիք` առանց բարիքի:
Ապրիլի վերջերին Կիևում նախատեսված Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի պատճառով հնարավոր է հետաձգվի: Դա հույս է ներշնչում, որ լիովին կվերականգնվի վնասվածքը և նա կբարելավի մարզավիճակը: Սա ասելով նկատի ունի այն, որ առաջիկայում կմեկնի Դանիա և տեղի միջազգային ուսումնամարզական կենտրոնում, մարզումներին զուգահեռ, փորձամրցումներ կանցկացնի բադմինթոնի տարբեր երկրների դպրոցների ներկայացուցիչների հետ ու պաշտոնական մրցաշարերում կհարստացնի իր վարկանիշային միավորների քանակը:
Հաճելիորեն զարմացրեց Լիլիթի համարձակ խոսքը, որն ուղղեց օլիմպիական խաղերին նախապատրաստվող Հայաստանի մարզիկներին. << Չպիտի ընկճվել ու ընկնել անտարբերության գիրկը: Հակառակը, պետք է զերծ մնալ խաղերի հետ կապված անորոշությունից ու շարունակել նպատակային աշխատանքները >>: